Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կգործեն մինչև Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական Газета լրատվականը՝ հղում անելով Փոմփեոյի հայտարարությանը:
Նշենք, որ վերջինս Փհենյան կատարած այցից հետո Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ամենայն մանրամասնությամբ քննարկել է ապամիջուկայնացման հասկացության նշանակությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ Փհենյանը պատրաստվում է ոչնչացնելու հրթիռային շարժիչների փորձարկման օբյեկտը:
Մինչդեռ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Փոմփեոյի հետ հանդիպման առնչությամբ հայտնել է, որ ծայրահեղ դժգոհ է դրա արդյունքներից: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կարծում է, որ հուլիսի 6-7-ն անցկացված բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ